Մեր մասին

Հայկական հուշարձանների պորտալ

Հայկական ճարտարապետական հուշարձանների ինտերակտիվ քարտեզի ստեղծման գաղափարը Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի կողմից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում առաջադրվել էր դեռևս 2015 թվականին։ Նախաձեռնության շրջանակում երիտասարդ մասնագետների և ուսանողների կողմից մշակվել էին Երերույքի տաճարի, Կարմրավոր եկեղեցու և Օձունի տաճարի ֆոտոգրամետրիկ եռաչափ մոդելների ցուցադրական օրինակները։

Այսօր այդ գաղափարը նոր փուլ է թևակոխել․ Հայկական հուշարձանների պորտալը (Armenian Monument Portal) արդեն իրականություն է՝ Ֆրանսիայի Հանրապետության Վալանս քաղաքի Հայկական ժառանգության կենտրոնի (Centre du Patrimoine Arménien – CPA) աջակցությամբ։

Պորտալը նախատեսված է որպես միասնական հարթակ, որտեղ կներկայացվեն Հայկական բարձրավանդակի բոլոր հուշարձանները՝ դրանց վերաբերյալ անհրաժեշտ գիտական, պատմական և մասնագիտական տեղեկատվությամբ։

Հայկական հուշարձանների պորտալի մշակման հիմնական նպատակն է հայկական ճարտարապետական ժառանգության հանրահռչակումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ճարտարապետական հուշարձանների եռաչափ մոդելավորումը, ինչպես նաև այդ մոդելների հիման վրա հուշարձանների տեսական եռաչափ վերակազմությունների մշակումը։

Պորտալում կձևավորվի ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ ամփոփ տվյալների բազա, որը հավաստի աղբյուր կհանդիսանա հայկական ճարտարապետական ժառանգությունն ուսումնասիրող ուսանողների, հետազոտողների, մասնագետների և պարզապես այդ ժառանգությամբ հետաքրքրվող անձանց համար։

Հայկական հուշարձանների պորտալի մշակումը կարևոր առավելություններ ունի հատկապես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համար: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են ճարտարապետական հուշարձանների վերականգնմամբ զբաղվող առաջատար մասնագետների մեծ մասը, ինչպես նաև հայկական ճարտարապետության տեսաբաններ և հետազոտողներ։

ՃՇՀԱՀ-ը Հայաստանի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որտեղ պատրաստվում են ճարտարապետական ժառանգությունն ուսումնասիրող և վերականգնող ճարտարապետներ, գործում է «Ճարտարապետական ժառանգության վերականգնում» մագիստրոսական կրթական ծրագիրը։ Համալսարանում առկա են նաև համապատասխան լաբորատորիաներ և տեխնիկական հնարավորություններ, որոնց նյութատեխնիկական բազայի հիման վրա հնարավոր է զարգացնել և ընդլայնել ծրագիրը։

Հայկական հուշարձանների ուսումնասիրությունը, համաշխարհային ճարտարապետության համատեքստում դրանց պատշաճ արժևորումն ու հանրահռչակումը մեկ սերնդի գործ չէ։ Այն շարունակական և երկարաժամկետ գործընթաց է, որը պահանջում է գիտելիքի, փորձի և մասնագիտական ներուժի փոխանցում սերնդեսերունդ։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր նվիրյալ մասնագետներով, իրար հերթափոխող ուսանողներով և վստահելի գործընկերներով պատրաստ է ապահովելու այս կարևոր գործի շարունակականությունը՝ նպաստելով հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը, արժևորմանն ու հանրահռչակմանը։

Նախաձեռնությունը

  • Ֆրանսիայի Հանրապետության Վալանս քաղաքի Հայկական ժառանգության կենտրոն
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան